Ռուսաստանի նախագահը Արևմուտքի քաղաքական սադրիչների երազանքի մարմնացումն է՝ Die Presse-ում գրում է Յուտա Զոմերբաուերը:
Վերջին ժամանակներս ոչ մի օր չի անցնում առանց միջազգային քաղաքականության ներկայացուցիչների կողմից Պուտինին սիրո խոստովանության: ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպը հայտարարեց, որ Պուտինն ուժեղ ղեկավար է՝ «մեր նախագահից շատ ավելի ուժեղ»: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ նախագահին իրենց հիացմունքն են արտահայտում Ավստրիայի աջ պոպուլիստները, հունգարացի նորընծա ավտոկրատ Վիկտոր Օրբանը, նախագահական հավակնություններ ներկայացնող ֆրանսուհի Մարին լե Պենը, Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» շարժման կողմնակիցները Պուտինին ավելի շատ են վստահում, քան կանցլեր Անգելա Մերկելին՝ Die Zeit-ի հարցման արդյունքներով:
Ոչ միայն աջերը, այլև որոշ ձախեր ռուս ավտոկրատի մեջ տեսնում են համաշխարհային քաղաքականության մեջ ամերիկյան գերակայության հակակշիռ: Զարմանալի չի լինի, եթե առաջիկայում Կրեմլը տրցակներով շնորհավորական հեռագրեր ստանա արևմտյան մայրաքաղաքներից՝ "Единой Россия"-ի հաղթանակի առիթով, որի օգնությամբ առաջիկա հինգ տարիներին Պուտինն իր համար ապահովեց հնազանդ խորհրդարան: Հեգնանք կա, որ ավանդական իստեբլիշմենտի դեմ հանդես եկող արևմտյան քաղաքական գործիչները իրենց դրոշներին ամրացրել են Պուտինին, որ հենց քաղաքական իստեբլիշմենտն է ներկայացնում: Նախագահի ձեռքում է կենտրոնացած իշխանությունը, նրա մերձավորները հարստանում են պետության հաշվին, իսկ խորհրդարանի պես պետական ինստիտուտների վերահսկողական գործառույթը խիստ կրճատված է: Պետդումայի ընտրությունները առաջինն էին 2011-ին ժողովրդավարական ընդվզումների ալիքը ճնշելուց և Ղրիմի անեքսիայից ու հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո: Իրականում ռուսներին նախանձելու շատ բան չկա:
Նույնիսկ պոպուլիստ դիլետանտ տնտեսագետները պետք է հասկանան՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը վատ է, նավթի գնանկումից հետո բյուջեն խիստ կրճատվել է: Վերջին տարիներին անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումներ չեն արվել: Նույնիսկ եթե "Единая Россия"-ն նախընտրական արշավում շեշտը դնում էր սոցիալական երաշխիքների վրա և լրավճարներ էր խոստանում իր ընտրախավին, այդ խոստումները առաջիկա տարիներին կատարելը ավելի ու ավելի դժվար է լինելու: Պետությանը պետք են միջոցներ, որ հիմա արդեն կարող է վերցնել միայն ու միայն սեփական քաղաքացիներից: Ինչո՞ւ նախագահը, որ երկիրը միջազգային մեկուսացման է դատապարտել, դառնում է եվրոպացի և այլ պոպուլիստների արևի աստվածը: Նրա գրավչության պատճառը ոչ միայն հայրենասիրական ու նորիմպերիալիստական հռետորաբանությունը, թշնամիների պարզունակացված կերպարներն են: Նրա ձգողականության ուժը հասու չէ Արևմուտքում նրա երկրպագուներին՝ նա պատասխանատվություն չի կրում իր արարքների համար: Մինչդեռ Եվրոպայում քաղաքական գործիչներին ընտրողները կարող են պատժել, Պուտինը կարող է անպատիժ ստել իր հպատակների աչքերին նայելով: Այդպիսի կազմակերպված անպատասխանատվության մասին արևմտյան պոպուլիստները, բարեբախտաբար, միայն երազել կարող են:
Յուտա ԶՈՄԵՐԲԱՈՒԵՐ, Die Presse
Հ.Գ. Իսկ ինչո՞ւ անտեսել ՌԴ նախագահի «գերհամոզիչ» լինելու ևս մեկ կարևոր գործոն՝ Ռուսաստանը միջուկային գերտերություն է և իր տնտեսությունը ջրի վրա է պահում զենքի վաճառքով, ցանկացած դիվանագիտություն հաղթական է, երբ բանակցային սեղանին է դիվանագետի ատրճանակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ